ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի՝ նրա կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը որոշել է մերժել՝ ուժի մեջ թողնելով Պողոսյանին կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի ապրիլի 15-ի որոշումը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից։
Նշենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշութամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է ՌԴ-ում: Այնուհետև՝ մայիսի 28-ին, խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, անդրադառնալով Միհրան Պողոսյանին արտահանձնելու գործընթացին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Միհրան Պողոսյանի արտահանձման վերաբերյալ Ռուսաստանը դեռ պաշտոնապես որոշում չի կայացրել․ «Մեր գործընկերների կողմից պաշտոնապես որևէ որոշում դեռ չկա Պողոսյանին արտահանձնելու մեր պահանջը բավարարելու կամ մերժելու համար»,– նշեց Դավթյանը։