Հերթական ապօրինի քայլը, որը մեզ համար անսպասելի չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վերաքննիչ դատարանի որոշումն այսպես բնութագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Իսկզբանե, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քաղաքականության մեծ բաղադրիչն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսացվի քաղաքական կյանքից և հնարավորություն չունենա դրան անձամբ մասնակցելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք սին հույսեր են: Այնպես որ, ամեն ինչ առջևում է»,-հայտարարեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի որոշումը` կրկին խափան միջոց կալանքն ընտրելը` Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրեց, որ պաշտպանական խումբը բոյկոտել էր դատարանի նիստը և չէր մասնակցում որոշման հրապարակմանը: «Ինչպես հայտարարեց մեր փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, այս դատավորն ու արդարադատությունը միմյանց հետ որևէ կապ չունեն: Պարզ էր, որ նման վարկ ունեցող դատավորը, ում այս գործը բաժին էր հասել շատ կասկածելի ճանապարհով, և որին չէր վստահում դատավարության որևէ կողմ, կարող էր նման ապօրինի որոշում կայացնել»,–ասաց Սողոմոնյանը:
Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծեց, թե շատ ցավալի է, որ այս դատավորը, ինչպես ինքն է ենթադրում՝ ոչ միայնակ, որոշում է կայացրել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահների միջնորդությունը, անձնական երաշխավորությունը Հայաստանում ոչինչ չարժեն:
«Կարծում եմ, այդ քայլը բացարձակ արտահայտում է այն վարվելակերպը, որը կա Հայաստանի իշխանությունների մոտ Արցախի Հանրապետության հանդեպ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա կարծիքով` «Մարտի 1-ի» գործի հետ կապված սահմանադրական կարգի տապալման այսպես կոչված այս «նոր դրվագը» ամբողջությամբ քաղաքական է: «Սա իրավական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող գործ է: Միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է նախկին նախագահի, նաև որոշ զինվորականների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ»,–ընդգծեց Սողոմոնյանը։
Հետաքրքրվեցինք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս ընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը. Վիկտոր Սողոմոնյանը, ավելի լայն կոնտեքստով անդրադառնալով հարցին, նշեց. «Այս իշխանություններից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն, և դրանցից մեկն էլ սա էր: Եթե ասեմ՝ առանձնապես զարմացել ենք, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել, սուտ կլինի, որովհետև արդեն շուրջ 11 ամիս է, ինչ ապօրինի գործողությունների շարք է իրականացվում նախագահ Քոչարյանի հանդեպ: Այնպես որ, սա հերթական ապօրինությունն է և զարմանալու կարիք չկա»: