«Դատավորների ընդհանուր ժողովի 1-ին մասին ներկա եմ գտնվել, 2-րդ մասին՝ ոչ, քանի որ ներգրավված եմ եղել հաշվիչ հանձնաժողովում և մասնակցել եմ ձայների հաշվման գործընթացին։ 1-ին մասն անցավ կառուցողական մթնոլորտում, եղան նաև սուր ելույթներ, ինչը նաև դեմոկրատիայի դրսևորում է, որ դատավորներն իրենց կարծիքը կարող են ազատ արտահայտել և մեկը մյուսի հետ համաձայն չլինել։ Կարևորն այն է, որ ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում չվիճարկվեցին, առավել ևս թեկնածուներից որևիցե մեկը վերահաշվարկ չպահանջեց, ինչը նշանակում է՝ ԲԴԽ ընտրություններն անցել են բաց, թափանցիկ և կառուցողական մթնոլորտում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց դատավոր Կարինե Պետրոսյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի և ԲԴԽ անդամների ընտրության մասին։
Անդրադառնալով ԲԴԽ անդամներ ընտրված դատավորներին՝ նշեց՝ բարձր է գնահատում Ռուբեն Վարդազարյանին որպես հնաբնակ, անձ, որն ի վիճակի է ԲԴԽ առջև ծառացած խնդիրները լուծելու։ Նույն կարծիքին է նաև դատավոր Մեսրոպ Մակյանի մասին, քանի որ չի հիշում մի դեպք, որը վկայի համակարգի նկատմամբ նրա սխալ վերաբերմունքի մասին․ «Հատկապես, որ օրենսդիր մարմինը ԲԴԽ-ին է վերապահելու դատավորներին վեթինգի ենթարկելու հարցը։ Կարևորն այն է, որ ԲԴԽ-ում լինեն մարդիկ, որոնք դատական իշխանությունը պատկերացնում են ներսից, գիտեն բոլոր խնդիրները։ Իսկ այս մարդիկ իրականում պատկերացնում են դրանք»։
Խոսելով դատավոր Նախշուն Տավարացյանի ընտրության մասին, որի ընտրության հարցում որոշ դատավորներ տարակուսել են, թե ինչպես է հնարավոր 2018թ. նոյեմբերին ընտրվել, այնուհետև գրավոր ու բանավոր հրաժարվել պաշտոնը ստանձնելուց, իսկ ութ ամիս հետո «անսպասելի» մտափոխվել ու որոշել երդմամբ ստանձնել պաշտոնը՝ Պետրոսյանը նշեց․ «Դահլիճում չեմ եղել, երբ մի քանի դատավորներ ի նշան բողոքի դուրս են եկել դահլիճից։ Նրանցից մեկը հանդիսանում էր թեկնածու և Նախշուն Տավարացյանի չընտրվելը կարող էր արտոնյալ պայմաններ ստեղծել իր համար, այդ իսկ պատճառով էլ հասկանում եմ նաև նրա վրդովմունքը։ Սակայն Տավարացյանի ընտրության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում, միգուցե խնդիրը օրենքի բացն է, որովհետև ԱԺ կողմից ընտրված թեկնածուի համար անմիջապես երդում է պահանջվում, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվածի համար նման կանոնակարգ չկար։ Հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն մեկ անգամ նրան հայտնել էր երդվելու անհրաժեշտության վերաբերյալ, կարծում եմ՝ այս պահին ոչ իրավաչափ գործողություն թույլ չի տրվել»,- նշեց Պետրոսյանը։
Դատավորը հույս հայտնեց, որ նոր ԲԴԽ-ն նախորդից ավելի լավն է լինելու, սակայն կարևորեց նաև, որ բարեփոխումները լինեն հնարավորինս մեղմ ու անցնցում, քանի որ դատական իշխանության անցնցում բարեփոխումը էական նշանակություն ունի մաբողջ երկրի համար․ «Այսինքն, իրականացվի անհրաժեշտ վեթինգ, որպեսզի հասարակության աչքում դատական իշխանության հեղինակությունն այլևս խաթարված չլինի։ Իսկ ընտրված կազմից նման ակնկալիք ունեմ։ Ներկայիս ԲԴԽ աշխատանքից կախված է 3-րդ իշխանության աշխատանքը»,- ասաց դատավոր Կարինե Պետրոսյանը։
Սոնա Հարությունյան