Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վերջին շրջանում ընդհատակ է անցել, այլևս չկա նախկին ավյունը և փիառվելու մոլուցքը, և դա հասկանալի է՝ Աբովյանում կրած պարտությունը, որը շատերը, այդ թվում իր թիմակից Սասուն Միքայելյանը, կապեցին Պետրոսյանի անվան հետ պետք է որ ստիպեր մարզպետին հնարավորինս զերծ մնալ նոր սկանդալների և քաղաքական ինտրիգների մեջ ներքաշվելուց: Փորձենք օբյեկտիվորեն հասկանալ, թե ինչով է այս ողջ ընթացքում զբաղված եղել մարզպետը, իհարկե, ֆբ գրառումների համար մարզպետարանի նախկին աշխատակիցներին դատի տալուց բացի: Մարզպետարանի պաշտոնական կայքից այս կառույցի աշխատակիցների տքնաջան աշխատանքի մասին շատ տեղեկատվություն ցավոք սրտի քաղել չստացվեց:
 
Կայքը ավելի շատ հիշեցնում է հայտարարությունների հարթակ, որտեղ տեղադրվում են օրինակ՝ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում թափուր հաստիքների մասին տեղեկությունը, որը, կարելի է ենթադրել՝ դժվար չէր լինի գտնել նաև մարզային զբաղվածությունների կենտրոնների կայքէջերից: Սակայն մարզպետարանը բուռն աշխատանքի իմիտիացիա անելու ճանապարհին այդ հանգամանքը անուշադրության է մատնել: Ինչ վերաբերում է գնումների գործընթացին, ապա այստեղ, ինչպես ասում են, խնայողության ռեժիմը ակնհայտորեն մոռացել են միացնել: Տարվա սկզբից մարզպետարանը գնել է փոստային ծառայություններ՝ կապված նամակների հետ՝ վճարելով 240,000 ՀՀ դրամ, տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ՝ 465,800 ՀՀ դրամ, ավտոմեքենաների ԱՊՊԱ ծառայություններ՝ 223,000 ՀՀ դրամ, հակավիրուսային համակարգչային ծրագրային փաթեթներ՝ 300,000, համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ՝ 400,000: Համաձայնեք՝ տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե ՀՀ մարզպետարանի, այլ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ընկերության գնումների ցանկի հետ:
 
2018-ին նշանակվելիս Պետրոսյանը հայտարարում էր, որ իր խնդիրն է՝ մարզի միջին վիճակագրական բնակչին քաղաքացի դարձնելը: Թերևս այդ խնդրի լուծման հարցում Պետրոսյանը գտել է, որ քաղաքացի դառնալու ամենակարճ ճանապարհը բանտում վերադաստիարակվելն է: Դա է պատճառը, որ Պետրոսյանը, իր բուն պարտականությունները թողած, զբաղված է աջ ու ձախ բոլորին դատի տալով: Ի վերջո, մարզում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող են և պարտավոր են պատշաճ կերպով իրականացնել իրենց աշխատանքը: Գուցե նրա՞նք են թերանում, որ մարզպետը վերջին շրջանում ստանձնել է նաև մարզի դատախազի պաշտոնը...