Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ անցած ամառ՝ լճի «ճահճացումից» հետո։ Նախորդ տարի հուլիսի 18-ին դեռևս այդ պաշտոնում գտնվող շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։
Ուսումնասիրելով Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառուցված շինությունների սեփականատերերի/օգտագործողների՝ «Սևան ազգային պարկի» տրամադրած ցանկը, պարզ է դառնում, թե ներկա ու նախկին պաշտոնյաներից ովքեր են իրենց օրենքից դուրս հռչակել՝ արգելված գոտում ապօրինի կառուցապատում իրականացնելով։ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը ևս ապօրինի տնակներ ունի Սևանի ափամերձ տարածքում՝ 1900.28-1901.46 բարձրության վրա։ Հատկանշական է, որ Սասուն Միքայելյանն անգամ հողի վարձակալության վկայական չունի։ Ըստ Սևանի ազգային պարկի կազմած ցուցակի` Սևանի ափամերձ տարածքում ապօրինի կառույցներ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը:
Այժմ հարց է առաջանում՝ պատեհ և անպատեհ առիթներով դուխից խոսացող, սեփական դուխով պարծեցող իշխանությունները և անձամբ նախարարը դուխ կանի՞ ապամոնտաժելու իրենց սրտի օլիգարխի կամ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից մեկի՝ Սասուն Միքայելյանի օբյեկտները: Հատկապես որ Սասուն Միքայելյանի հետ Ռոմանոս Պետրոսյանի ջրերը երբեք էլ մեկ առվով չեն հոսել և մամուլում առկա հաղորդագրությունների համաձայն` հենց Միքայելյանն է հասել նրան, որ Փաշինյանը Պետրոսյանին հեռացրել է Կոտայքի մարզից, որի հանդեպ հավակնություններ ունի գեներալը: Կկարողանա՞ նախարարը քաղաքական կամք դրսևորել, թե՞ ականատես ենք լինելու դասական և արատավոր պրակտիկայի, երբ յուրայինները արտոնյալ են, իսկ Սևանի ափամերձ տարածքներից կմաքրվեն ոչ թե խոշորների, այլ մանրերի օբյեկտները, այն էլ՝ աշխատանքի բուռն իմիտիացիա անելու և դրանով փիառվելու սուրբ նպատակով...