Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։
Shamshyan.com-ը հայտնում է, որ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Աշխեն Քոչարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։