Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը վերջին օրերին մի շարք աղմկահարույց հայտարարություններով է հանդես եկել: Վերջինս կարծես թե անցել է ավելի բաց խաղի և առավել ակնհայտ է թիրախավորում Նիկոլ Փաշինյանին և վերջինիս թիմին: Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն պատժելի են, իսկ' «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ին դիտորդական առաքելությամբ Արցախ ուղարկելը՝ ուղղակի միջամտություն Արցախի ներքին գործերին:

Ինչ վերաբերվում է Մարտի 1-ի գործին, ապա Բալասանյանը գտնում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թիմը: Ուշագրավ է, որ Բալասանյանի այս կոշտ հայտարարություններին պատասխանել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կադրը՝ Փաշինյանի ներկայիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանը իր պատասխան մեկնաբանության մեջ հասցրեց Բալասանյանին մեղադրել բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում՝ ընդհուպ մինչև իշխանության յուրացում և մարդասպանություն:

Իհարկե, Կարապետյանը դա արեց տողատակով, սակայն ենթատեքստը հասկանալի էր. եթե Բալասանյանը շարունակելու է նույն ոգով, նրան էլ սպասում է մյուս գեներալների ճակատագիրը՝ հեղինակազրկում և բանտ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանը Փաշինյանի թիմի համար մի շարք անակնկալներ է նախապատրաստել, մասնավորապես, նա չի ժխտում, որ կարող է նաև հանել իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններում: Իսկ սա նշանակում է, որ Բալասանյանի կուսակցությունը վերջին պահին կարող է պաշտպանել որևէ այլ թեկնածուի և այսպիսով ամբողջությամբ խառնել Փաշինյանի խաղաքարտերը: Ինչ վերաբերում է գեներալի հավանական կալանավորմանը, ինչի մասին ակնհայտ ակնարկում են օրվա իշխանությունները, ապա տպավորություն կա, որ այդ կալանավորումն էլ տեղավորվում է Բալասանյանի պլան Բ-ի մեջ: Բանն այն է, որ Բալասանյանի կալանավորումը կարող է ունենալ պայթող ռումբի էֆեկտ Փաշինյանի և իր քաղաքական թիմի համար: Բալասանյանը բնավ էլ Խաչատուրով չէ. հաշվի առնելով նրա հեղինակությունը արցախցիների, գեներալիտետի և ազատամարտիկների շրջանում՝ վերջինիս դեմ ցանկացած քաղաքական հաշվեհարդար կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ: