Վերջին օրերին մամուլում պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում՝ կապված ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հավանական հրաժարականի հետ: Ինքը՝ Դավթյանը, լրագրողների հետ զրույցում ոչ հերքել է, ոչ էլ հաստատել այս տեղեկությունը, միայն նշելով, որ իրեն փոխարինելու հավանական թեկնածուներից Օնիկ Գասպարյանը իրոք արժանի է այդ պաշտոնին: Մամուլում Դավթյանի հավանական հրաժարականը պայմանավորվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած լարված հարաբերություններով:
Իսկ Օնիկ Գասպարյանի թեկնածությունը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը ցանկանում է այս պաշտոնում տեսնել յուրայինի: Սակայն Գասպարյանին անգամ մեծ ցանկության դեպքում էլ Փաշինյանի յուրային չես անվանի, վերջինս տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել համակարգում: Խնդիրը, որի պատճառով այսօր բացահայտ խոսվում է Դավթյանի՝ անցանկալի անձ լինելու մասին, թերևս, ավելի խորքային է: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ մամուլում հրապարակվեց ԳՇ պետի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը, որը բնավ էլ իշխանությունների համար ականջահաճո չէր: Դավթյանը պնդում էր, որ բանակը Մարտի 1-ին չի կրակել, եթե նույնիսկ կրակել են, ապա դրանք եղել են անհատ զինվորականներ: Նա նաև նշել է, որ 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախի Հանրապետության հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել: Հայկական կողմն այդ ժամանակ ունեցել է 2 վիրավոր, իսկ հակառակորդը՝ 10-12 զոհ:
Դավթյանը հայտարարել էր, որ այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ, մի քիչ վիճելի հարց է։ Եվ սա այն դեպքում, երբ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ: Նման ցուցմունքը, իհարկե, լուրջ հարված է ողջ քրեական գործին, որը, ի դեպ, արդեն իսկ քանդվում է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ Դավթյանի հնարավոր հրաժարականի պատճառը հենց այդ ցուցմունքն է, որի համար ԳՇ պետին չեն ներում և ցանկանում են պատժել: