Այս տարի Հայաստանի Արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլլարով կամ 2,1%-ով։ Այս տեղեկատվության շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Նշեմ, որ արտաքին պարտքի նվազումը կոնկրետ տարվա, ամսվա կտրվածքով ճիշտ չի գնահատվել։ Պետական բյուջեի համաձայն, որը հաստատել է այս կառավարությունը և այս Ազգային ժողովը, 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, մեր արտաքին պարտքը կամ ընդհանուր պարտքը պետք է ավելանար 450 մլն դոլլարով»,- նշեց Պարսյանը։
Տնտեսագետն ընդգծեց, որ այս պահի դրությամբ մենք ունենք արտաքին պարտքի նվազում՝ պայմանավորված մի քանի գործոններով: Նախ՝ մարել ենք առաջին կիսամյակի կտրվածքով նախատեսված, պլանավորված փոխառությունները, վարկերը և երկրորդ՝ այս կառավարությունը ձախողել է 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ծրագիրը, որոնց մի մասը պետք է ֆինանսավորեր պարտքերի միջոցով, վարկերի միջոցով, այսինքն՝ պետք է վարկ վերցվեր ճանապարհ կառուցելու համար, վարկ վերցվեր շենք-շինություն, ջրամբար կառուցելու համար:
«Քանի որ այս կառավարությունը առաջին կիսամյակի կտրվածքով 74% ձախողել է կապիտալ ծախսերի ծրագիրը, արդյունքում ավելի քիչ պարտք է վերցրել, սակայն դա լուրջ խնդիրներ է ստեղծելու ապագայում: Հիմա մենք ունենք ցածր պարտքային բեռ կամ հարկային բեռ, սակայն մենք չենք դրել այն երկարաժամկետ տնտեսական աճը ապահովող ծրագրերը, որոնք թույլ կտան հետագայում սպասարկել նույն այս պարտքը: Այսինքն՝ եթե այդ կապիտալ ծախսերը չենք անում հիմա, ապագայում չենք կարողանալու սպասարկել նաև ներկայիս քիչ ծախսը»,- ընդգծում է Պարսյանը:
Ըստ տնտեսագետի` այս պահին մենք ունենք կարճաժամկետ դրական էֆեկտ. պարտքը կրճատվում է, սակայն ապագայում միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով սա լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր տնտեսության համար, մեր երկրի համար:
«Հիմա խնդիր կա հասկանալու՝ այս կառավարությունը իր թիմով պատրա՞ստ է կապիտալ ծախսեր իրականացնել: Պարզ է դառնում, որ այս կիսամյակի ընթացքում նրանք ձախողել են: Այս կառավարությունը խնդիր ունի մրցույթներ կազմակերպելու, խնդիր ունի նոր տնտեսվարողներն ներգրավվելու հարցում: Այդ խնդիրները անընդհատ կուտակվում են»,- նշում է տնտեսագետը:
Իր խոսքն ամփոփելով` նա նշեց, որ այդ ցուցանիշը չէ, որ բնութագրում է մեր երկրի իրական տնտեսական գործընթացները կամ նպաստում մեր ազգաբնակչության կեսամակարդակի բարելավմանը: