Կառավարությունն ընդունեց Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու որոշում:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:
Ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ:
Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները, վեր հանել զորահավաքային նախապատրաստության խնդրահարույց հարցեր, ինչպես նաև մշակել մեխանիզմներ՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նախարարը նկատեց, որ այս մասշտաբի զորավարժություն Հայաստանում չի անցկացվել: «Բայց ամենակարևորը, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է, թվաքանակների ու ներգրավվող միջոցների առումով: Մարտական ուսումնական հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է, որ ներգրավվելու է զորավարժություններին 3-5 օրով: Մնացած 94 տոկոսը ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ: Այդ 6 տոկոսը տեղեկացված է, սննդի եւ մյուս հարցերը լուծված են»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախապատրաստվում է մեծ մասշտաբային միջոցառում: «Այդ օրերին մեր քաղաքացիները կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ, և հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաև պետք է ներգրավվեն: Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացին: Սա մեր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Սա պլանային աննախադեպ միջոցառում է»:
Վարչապետն ընդգծեց, որ զորավարժություններում պետք է բացառել ֆորմալիզմը, պետք է պատշաճ վերաբերմունք և արձագանք լինի այս միջոցառումներին: