Սխալ եմ գնահատում այսօրվա որոշումը, հանրապետության երկրորդ նախագահը պետք է գտնվի ազատության մեջ եւ այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Մարտ 1–ի գործով դատական նիստից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով գրավի դիմաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը։
«Ես գտնում եմ, որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հնարավոր է նաեւ, որ կա հետապնդում»,– ասաց նա։
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ չեմ ընդունում իմ նկատմամբ մեղադրանքը, որովհետեւ այդ մեղադրանքը անհիմն է, այն ուղղորդված է, այն ուղղորդված է նաեւ հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ, որում ասվում է՝ Սեյրանին ձերբակալի, դա ի՞նչ է նշանակում։
Ես ոչ մի ծանր բան չեմ արել, ես զինվորական եմ եղել այդ ժամանակ, Պաշտպանության մասին օրենքը դեռ փոփոխված չի եղել, 2008 թվականի դեկտեմբերի վերջին է փոխվել եւ այդ ժամանակ ԳՇ պետը եղել է զինվորական եւ ենթարկվել է ըստ ենթակայության։ Ես որեւէ ծանր բան չեմ արել եւ գտնում եմ, որ Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմը որեւէ ծանր բան չի արել։ Ոչ մի հրաման ես չեմ տվել եւ նշված հրամաններն էլ ես չեմ գրել, բայց նաեւ նշված հրամանները կազմվել են, որպիսի չեզոքացնեն այն երկու սպառնալիքները, որ այդ ժամանակ եղել են բանակում՝ խառնվելը քաղաքական գործընթացներին եւ նաեւ մարացնել, ուժեղացնել հսկողությունը, ուժեղացնել պահպանությունը բոլոր զորամասերի նկատմամբ, որովհետեւ տեղեկություններ կային ԱԱԾ-ից, որ կարող են լինել հարձակումներ զորամասերի վրա զենք հայթայթելու նպատակով»։