Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի» քաղաքացիական հայցի քննության նախնական դատական նիստն էր, որը, սակայն, անցկացվեց առանց պատասխանող կողմի: Դատավոր Ավետիսյանը հայտարարեց, որ Սիլվա Համբարձումյանը, չնայած պատշաճ ծանուցվել է, բայց չի ներկայացել նիստին: 

Այն մասին, թե ինչու Համբարձումյանը չի ներկայացել նիստին, պարզաբանել է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, ում հետ զրույցում Համբարձումյանը հավաստել է, որ իրեն չեն ծանուցել նիստի մասին:

«Նիստի ծանուցումը  ես չեմ ստացել, նիստի մասին էլ քիչ առաջ լրատվամիջոցներից եմ իմացել ու զանգել եմ դատավորի օգնականին իմանալու, թե ինչպես է ստացվում, որ ես ոչ մի ծանուցում չեմ ստանում, բայց բոլոր լրատվամիջոցները պնդում են, թե ես պատշաճ ծանուցվել եմ ու ներկա չեմ եղել նիստին»,- ասաց Համբարձումյանը:

Համբարձումյանին դատավորի օգնականն ասել է, որ ծանուցագիրն ուղարկվել է թաղապետարան, այդ հիմքով էլ դատավորը հայտարարել է, որ նա ծանուցված է եղել:

 

«Թաղապետարանից էլ ոչինչ ինձ չի հասել: Ես դատավորի օգնականին խնդրել եմ հրապարակել, որ ոչ թե ես հրաժարվել եմ ներկայանալ նիստին, այլ չեմ ծանուցվել և տեղյակ չեմ եղել: Ես ինքս շատ կուզեի ներկա լինել նիստին, որ այն կայանար, որովհետև փախչելու պատճառ չունեմ: Այն ինչ ասել եմ, էլի կասեմ, և ոչ ոք չմտածի, թե Քոչարյանի պահանջով կարող եմ ինչ-որ բան հերքել: Էլի եմ ասում` մարտի 1-ի օրերին 2 մլն դոլար եմ փոխանցել Սամվել Մայրապետյանին»,- ասաց Սիլվա Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս 2018թ.-ին է քաղաքացիական հայց ներկայացրել Համբարձումյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Իսկ դատարան ներկայացված  հայցի հիմքում Սիլվա Համբարձումյանի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հնչեցրած միտքն է. «Ես 2008թ.-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գեւորգյանին…»: