hetq.am-ը գրում է. Տարեկան միջինում 4 անձ մահանում է Հայաստանի բանտերում, որը որակվում է որպես ինքնասպանություն։ Մահացածների հարազատները, սակայն, չեն հավատում ինքնասպանության վարկածին: Կարծում են, որ այդ դեպքերով պատշաճ քննություն չի կատարվում, և սպանությունները կոծկվում են ինքնասպանության քողի տակ:

2018թ. մարտի 16-ի առավոտյան Արմեն Աղաջանյանին ձերբակալել և տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավայր։ Արմենի մոր՝ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ քրեակատարողականի մուտքի մոտ հերթապահ մասի պետ, մայոր Արմեն Հովհաննիսյանի և կալանավոր Աղաջանյանի միջև երկխոսություն է սկսվել: Հովհաննիսյանը հարցրել է, թե ինչու կալանավոր Աղաջանյանն իրեն չի բարևում։ Արմեն Աղաջանյանը պատասխանել է, թե «բարևն Աստծունն» է։ Հերթապահ մասի ղեկավարը կալանավորին զգուշացրել է, որ նման պահվածք դրսևորելու դեպքում՝ կտեղափոխվի պատժախուց։ Կալանավոր Աղաջանյանը պատասխանել է, որ չկա մարդ, որ իրեն պատժախուց տանի, ինչին ի պատասխան՝ Արմեն Հովհաննիսյանն ասել է՝ հեսա կտեսնենք։

Այս խոսակցությունից հետո ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանի և մի քանի այլ ոստիկանի ուղեկցությամբ Արմեն Աղաջանյանին տեղափոխել են խուզարկության սենյակ։ Մոր ասելով՝ հենց այդ սենյակում էլ Արմենին ծեծել են։ Գայանե Աղաջանյանի պատմելով՝ որդուն ծեծի են ենթարկել մայոր Արմեն Հովհաննիսյանը, ուղեկցող ոստիկան Յուրա Աբրահամյանը և ևս մեկ լեյտենանտ։ Կալանավորը ծեծի արդյունքում ստացել էր վնասվածքներ՝ դեմքի և սրունքների հատվածում։ 

 

Ստորև ներկայացնում ենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության տեսախցիկներից նկարահանված կադրերը, որոնցում երևում է Արմեն Աղաջանյանի մուտքը քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև այն, թե ինչպես են ՔԿՀ մի խումբ աշխատակիցներ նրան հրավիրում չնկարահանվող սենյակ՝  խմբակային խոշտանգելու:

Ծեծից հետո կալանավայրում կազմվել է արձանագրություն, թե իբր Արմեն Աղաջանյանը խուզարկության ժամանակ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչի համար կիրառվել է ձեռքի ուժ։

 

Արմեն Աղաջանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ էր տարվել առողջական խնդրով: Նրան կալանավորվելուց 6 ամիս առաջ կոլոռեկտալ վիրահատություն էին արել (հաստ աղու դուրս բերում)։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: