«Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը: Ինքը «Հանրապետական» կուսակցության անդամ չի եղել: Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և դա պետք չէ կապել «Հանրապետական» կուսակցության հետ»,- այս մասին «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու շատ նախկին հանրապետականներ ներկայիս իշխանությանն օրոք նշանակվեցին պաշտոնների, այդ թվում Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Նախկինում ասում էիք՝ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը՝ հարցին ի պատասխան Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ուժն այսօր մեծ լեգիտիմություն ունի:
Նրա խոսքով՝ շատ համայնքի ղեկավարներ մեծ ցանկություն կունենային լինել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, բայց թե իր, թե ուժի կողմից ոչ մի համայնքապետի նման առաջարկ հեղափոխությունից հետո չի եղել. «Մեկ օրվա հարց չէ. մարդիկ իրենց քաղաքական հետագծով, արժեքային համակարգով, իրենց գաղափարներով պետք է հարեն մեր կուսակցությանը, որ դրա մաս դառնան»,- նշեց մարզպետը: