Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, իրավամբ, կարելի է համարել Փաշինյանի ձախողված թիմի հավաքական պատկերի մարմնավորում: Սարգսյանն այն մարզպետն է, ով նշանակվելուց մինչ օրս չի լուծել որևէ լուրջ խնդիր, չի բերել որևէ լուրջ ներդրում, փոխարենը, գրեթե յուրաքանչյուր օր հայտնվել է այս կամ այն սկանդալի կիզակետում: Երբ մարզպետին հարցնում են, թե ինչու է մարզպետարանը սարքել ընտանեկան «դուքյան», նա փառահեղ պատասխան է տալիս, հայտարարելով, որ մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛, առհասարակ, Հայաստանում նրանք պետք է իրենց տեղը գտնեն, աշխատանք ունենան։
 
Գարիկ Սարգսյանը, իրավամբ Նոր Հայաստանի ամենասկանդալային պաշտոնյաներից մեկն է: Մարզպետի «մորքուրի հարսը» մարզպետարանի «դեմքն» է և ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխատանքային օրերին կարող է մեկ շաբաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտեղից մտնել համացանց և նկարներ հրապարակել իր ընտանեկան երջանիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգևավճար: Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաև իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Նա նշանակվել է փոխմարզպետ: Մարզպետի քեռորդին՝ Գևորգ Մանուկյանը, նույնպես տեղավորվել է մարզպետարանում. մարզպետի օգնականն է: Իսկ մյուս օգնականը՝ Տիգրան Շիրինյանը, Սարգսյանի ընկերն է: Ի դեպ, մորքուրի հարսը սկզբում այնքան էլ մորքուրի հարս չէր, քանի որ վարչապետի ներկայությամբ Սարգսյանը նրանից հրաժարվել էր, հետո, այնուհետև հաստատել, որ այո՝ այդ կինը իրեն, այնուամենայնիվ, բարեկամ է: Սարգսյանի մեկ այլ մտքի գոհարն էլ վերաբերվում էր իրավապահ մարմիններին, մարզպետը իրենից անչափ գոհ հայտարարում էր, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, այնուհետև Սարգսյանը ստիպված եղավ ճշտում մտցնել իր խոսքերի մեջ, հայտարարելով, որ իրեն սխալ են հասկացել: Սարգսյանին էր պատկանում նաև Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացելու զավեշտալի գաղափարը, որը, ի դեպ, իրականություն չի դառնալու, և հենց նա էր, որ երկկենցաղներին համեմատում էր թռչունների հետ:
 
Չմոռանանք, որ վերջերս Նորաշենի ավագանին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել, ինչը սակայն, ըստ գյուղացիների, մարզպետ Սարգսյանի ձեռքի գործն էր, քանի որ, արդեն նախկին գյուղապետը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մարզպետին աջակցելու փոխարեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանին է աջակցել: Ամիսներ առաջ էլ Սարգսյանը՝ իրեն մեկ րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել էր աշխատակազմի ղեկավարին, դա էլ դեռ բավական չէր, ընդամենը, օրեր առաջ էլ մարզպետը հայտնվեց ևս մեկ սկանդալային պատմության կիզակետում՝ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել և այդ ամենը հանգեցրել է նրան, որ վերոնշյալ անձինք վարսավիրին ծեծի են ենթարկել:
 
Իրականում, տպավորություն է , որ, եթե Գարիկ Սարգսյանը լիներ մարզպետ նախորդ իշխանությունների օրոք, ընդդիմադիր Փաշինյանը կպահանջեր ոչ միայն ազատել վերջինիս աշխատանքից, այլ նաև՝ կալանավորել..
Շարունակելի…