Նոր Հայաստանում տարատեսակ սկանդալների կենտրոնում հայտնվել են ոչ միայն մարզպետները, նախարարները, այս առումով աչքի են ընկել նաև խորհրդարանում իշխող «Իմ քայլ»-ը ֆրակցիայի անդամները, որոնք մեկ տարվա ընթացքում հասցրել են հայտնվել զավեշտալի ու սկանդալային պատմությունների կիզակետում:
Ընդամենը, մեկ ամիս առաջ հանրությունը մեծ վրդովմունք էր ապրել այն բանի պատճառով, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորական և անուղղակի հայհոյանքներ պարունակող արտահայտություններ էր կատարել Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Քոչարյանին բարկացրել էր Արփինե Հովհաննիսյանի այն հարցազրույցը, որտեղ նա ասել է, որ, եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ապա ինչու դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Ի դեպ՝ տղամարդ պատգամավորը այդպես էլ ներողություն չխնդրեց իր արած արտահայտությունների համար, չնայած այն հանգամանքին, որ վերջինիս արարքը դատապարտվեց անգամ իր իսկ թիմակիցների կողմից:
Մեկ այլ սկանդալի կենտրոնում էլ հայտնվել էր Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ԵԽԽՎ-ում պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին և, որպեսզի բանը չհասնի դիվանագիտական սկանդալի՝ ստիպված «մերձեցման երեկո» էր կազմակերպել ռուս գործընկերների համար:
Սակայն «Իմ քայլ»-ի պատգամավորների շարքում թերևս ամենասկանդալային դեմքի պատվավոր տիտղոսը կրում է Հայկ Սարգսյանը: Վերջին շրջանում վարչապետի բազմաթիվ նախազգուշացումներից հետո Սարգսյանը, կարծես ստվերում է, սակայն, մինչ այդ, նա արդեն իսկ հասցրել էր փայլել մեկ թանկարժեք մեքենա վարելով, այնուհետև հայտարարելով, որ դա իր ընկերոջ ավտոմեքենան է, մեկ էլիտար ակումբում ինստագրամյան աստղերից մեկի հետ ինքնամոռաց պարելով , մեկ էլ՝ Բաղրամյան «աղջիկ տանելով», ըստ պաշտոնական վարկածի՝ էքսկուրսիայի:
Սկանդալների մեջ հայտնված հայրենի երեսփոխանների թիվը այսքանով, իհարկե, չի սահմանափակվում, ցանկը շարունակելի է…