Ինչպես արդեն նշել էինք, Նոր Հայաստանի պաշտոնյաները իրենց պաշտոնավարման ընթացքում հաճախ են հայտնվում տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ, և այս առումով բացառություն չէին նաև ընտրված քաղաքապետերը, որոնց հետ հանրությունը իրապես մեծ հույսեր էր կապում: Տեսնենք, թե մեկ ու կես տարվա ընթացքում ինչ սկանդալների մեջ են հայտնվել Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետերը:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը բավական հաճախ է հայտնվել այսպես ասենք ՝ պիկանտ պատմությունների կիզակետում: Այդ պատմություններից որոնք էին իրականությանը համապատասխանում, որոնք՝ ոչ դժվար է ասել, սակայն քաղաքապետի անունը մամուլը բավական հաճախ է շոշափել: Մասնավորապես օրաթերթերից մեկում նշվում էր, որ այցելելով համայնքային ենթակայության մանկապարտեզներից մեկը՝ Գասպարյանը ծնողների և երեխաների ներկայությամբ ցուցադրաբար սկսել է ծխել՝ առաջացնելով ներկաների զայրույթը: Քաղաքապետը այս դրվագը, իհարկե, հերքել էր:
Համացանցում բուռն քննարկման առարկա էր դարձել նաև Դիանա Գրիգորյանի՝ տարիներ առաջ ֆեյսբուքյան գրառումը, որում նա կասկածի տակ էր դնում Աստծո գոյությունը: Իհարկե, հանրային որոշ շրջանակներում դիսոնանս էր առաջացել, թե ինչպես կարող է նման հայտարարության հեղինակը ղեկավարել հոգևոր մայրաքաղաքը: Եղան նաև դրվագներ, երբ քաղաքապետին մեղադրեցին ոչ կոմպետենտության մեջ: Մասնավորապես, քաղաքապետարանը հուլիսի 23-ից օգոստոսի 20-ը մանկապարտեզներում հայտարարել է արձակուրդ: Այսինքն, մոտ մեկ ամիս շարունակ աշխատող ծնողները ստիպված էին օրվա ընթացքում իրենք հոգալ երեխաների հոգսը: Իսկ թե ինչու է նման որոշում կայացվել, այդ մասին Դիանա Գասպարյանն ասել էր. «Հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար»: Դրանից հետո շատերը մեղադրեցին քաղաքապետին՝ քաղաքի խնդիրները լուծելու փոխարեն, ձևական հոգատարություն դրսևորելու մեջ: Այս ընթացքում Էջմիածնում նաև ցույցեր կազմակերպվեցին քաղաքապետի դեմ, ինչը ինքը Գրիգորյանը համարեց բնականոն ու նորմալ գործընթաց:
Ինչ վերաբերվում է Արմավիրի քաղաքապետին, ապա պետք է նշել, որ վերջինս զերծ է մնացել լուրջ սկանդալների մեջ հայտնվելուց, սակայն այնուամենայնիվ պաշտոնավարման ընթացքում հայկական մեդիան նրան էլ է հասցրել անդրադառնալ: Ընդամենը օրեր առաջ գրվել է այն մասին, որ Արմավիրի համայնքապետը մանկապարտեզի տնօրենին ազատել է աշխատանքից փոխքաղաքապետին «խոզապահ» ասելու համար: Համաձայնեք, բավականին արտառոց իրավիճակ է: Բոլորովին վերջերս էլ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները: Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը և քաղաքապետը առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Ըստ մամուլի,նրանք միմյանց մեղադրում են անգործության և իրավիճակին չտիրապետելու մեջ: