Նիդեռլանդներում իրավապահները հայտնաբերել են մի ընտանիք, որն ինը տարի անցկացրել է նկուղում՝ «սպասելով աշխարհի վերջին», հայտնում է BBC-ն:
58-ամյա տղամարդը և նրա վեց մեծահասակ երեխաները՝ 16-25 տարեկան, ապրել են հյուսիսային Դրենթ նահանգում գտնվող ֆերմայում:
Նրանց գտել են այն բանից հետո, երբ որդին գարեջուր է պատվիրել հարևան Ռուիներվոլդ գյուղում գտնվող բարում, այնուհետև աշխատողներին հայտնել է, որ օգնության կարիքն ունի: Վկաների խոսքերով, նա շփոթված տեսք է ունեցել:
«Նա հինգ գավաթ գարեջուր պատվիրեց և խմեց այն: Ես խոսեցի նրա հետ, և նա պատմեց, որ փախել է և օգնության կարիք ունի … այնուհետև մենք զանգահարեցինք ոստիկանություն»,- ասել է բարի սեփականատեր Քրիս Ուեսթերբեկը:
Նա հավելել է. «Տղան երկար մազեր ուներ, կեղտոտ մորուք, հին հագուստ: Նա ասաց, որ երբեք դպրոց չի գնացել և ինը տարի վարսավիրանոցում չի եղել»:
Նրա ընտանիքն ապրել է մեկուսացման մեջ՝ «սպասելով աշխարհի վերջին», հայտնում են տեղական լրատվամիջոցները: