ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած այցին:
«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ով օդաչու է: Նախ, որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև այն հարցի հետ կապված, որ մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- ասաց Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն գործող ինքնաթիռը բավական հին է, և որոշ ստանդարտների արդեն չի համապատասխանում: