«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նախատեսում է Արծվանիկի պոչամբարի շահագործումը ժամանակից շուտ ավարտել։ Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված պրես-տուրի ժամանակ հայտնեց գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։ Նրա խոսքով՝ իրենք համաձայնության են եկել հարևան Կապան համայնքի հետ և արդյունքում՝ շահագործումը կավարտեն նախատեսված ժամանակից շուտ՝ 5 տարում:
«Մեր պրոյեկտով նախատեսվում է մոտ 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով վերջնական 960 նիշի: Պրոյեկտից շեղումներ չենք ունեցել: Նախագիծը գտնվում է շահագործման վերջնական փուլում»,- ասաց նա:
Ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի՝ յուրաքանչյուր տարի Արծվանիկի պոչամբարում ռեկուլտիվացիա է կատարվում, որի ընթացքում հողի բերրի շերտը հանվում և պատշաճ կերպով պահեստավորվում է։
«Խախտված հողային տարածքները բերվում են այն վիճակին, որը եղել է բնության մեջ։ Արվում է հատուկ մշակում և կանաչապատում: Վերջին 3 տարվա մեջ մենք ռեկուլտիվացրել ենք մոտ 35 հա տարածք։ Այս տարի հանել ենք 1 մլն 200 հազար խորանարդ բերրի հողի շերտ և պահեսատավորել հետագա ռեկուլտիվացիայի համար։ Բացի այդ ամենը, շրջակա միջավայրի դրամագլխին վճարում ենք գումար, որպեսզի պետությունը ռեկուլտիվացնի տարածքներն այն պարագայում, եթե մենք չկատարենք այն: Բայց, ինչպես նշեցի, մենք ինքներս դա անում ենք»,- ընդգծեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ իրենք անընդհատ կատարում են մոնիթորինգ ու մաքսիմալ թվայնացնում են այն. «Թե′ օդի մոնիթորինգը և թե′ ջրինը կատարվում է սարքերով, որոնք ինֆորմացիան օնլայն ուղարկում են մեր օպերատորներին, ովքեր էլ վերահսկում են այդ ամենը: Մենք ունենք թույլատրելի սահմանային արտանետումների կոնցենտրացիա՝ օդի, ջրի, փոշու համար»:
Ալեքսանյանի խոսքով՝ իրենք ունեն պարունակության կայաններ, որոնք նույնպես օնլայն աշխատում են. «Մենք այս պահին աշխատում ենք գերմանական մի ընկերության հետ, որը մեզ մոտ տեղադրելու է բավականին առաջադեմ կայաններ, որոնք տեղում չափելու են ջրի ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիա): Եթե լինեն շեղումներ՝ անմիջապես իմանալու ենք»:
«Արտանետումների չափը վերահսկում է Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմինը, որը մեզանից անկախ վերցնում է նույն փորձանմուշները և կատարում ուսումնասիրություն: Եթե արտանետումը գերազանցում է թույլատրելի սահմանը՝ վճարում ենք տուգանք»,- նշեց նա:
Անդրադառնալով, վերջերս, Ողջի գետի աղտոտմանը՝ Ալեքսանյանը նշեց, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե պոչամբարի տարածքում, այլ՝ պոչատարի:
Ըստ Սամվել Ալեքսանյանի՝ Արծվանիկի պոչամբարի այն հատվածը, որտեղ զտված ջուրն է, փիրուզագույն երանգով է և պարզ, սակայն որքան էլ ջուրը պարզ ու մաքուր է, այնուամենայնիվ, խմելու և օգտագործման ենթակա չէ։
Նշենք նաև, որ որքան էլ ձեռնարկվում են անվտանգության միջոցառումներ, այնուամենայնիվ, վթարներից խուսափել չեն կարողանում: Վերջին անգամ կոմբինատի աշխատանքի հետ կապված խնդիր եղել էր այս տարի՝ հոկտեմբերի17-ին: Այդ օրը վնասվել էր կոմբինատի պոչատարը:
Լուսինե Մարդոյան