ՀՀ կառավարությունը մտածում է տեսչական մարմինների կարողությունները զարգացնելու ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ողջի գետի աղտոտման հետ կապված խնդրին:
«Չեմ հասցրել երեկ հետևել այդ գործընթացին: Գիտեմ, որ Բնապահպանական տեսչական մարմնում որոշակի գործընթացներ են տեղի ունենում դրա հետ կապված: Կառավարությունը մտածում է, որ պետք է զարգացնի տեսչական մարմինների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն գնալ և ուղղակի հետևանքներն արձանագրել ու տուգանել, այլև կանխարգելել նման միջադեպերը»,- ասաց Ավինյանը:
Հայկական բնապահպանական ճակատը նոյեմբերի 18-ին ահազանգել էր, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է՝ կից ներկայացնելով նաև քաղաքացիներից մեկի նկարահանած տեսանյութը:
Հոկտեմբերի 17-ին «911» ծառայություն ևս տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարզել էր, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակիորեն աղտոտված է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ էին վերցրել:
Նոյեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում. «Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-տեղեկացրել է տեսչական մարմինը: