«Մենք պահանջում ենք առողջ քննարկում մասնագետների հետ, որի ժամանակ հայագիտական առարկաների հետ կապված հարցերին անդրադարձ կկատարենք»: Այսօր մամուլի ակումբում ասաց ԵՊՀ աշխատակից, ուսանողական ծրագրերի համակարգող' Էդուարդ Գալստյանը: Նրա ասելով՝ ողջ ուսանողների դժգոհությունը կապված է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի շրջանառվող նախագծի հետ: Նա հավելեց, որ այս նախագիծն ուղարկվել է տարբեր բուհերի գիտական խորհրդի աշխատակիցներին, որոնք էլ, մեծամասամբ, տվել են բացասական պատասխան:

Քննարկելով մի շարք խնդրահարույց հարցեր՝ կապված բուհիկրթական ծրագրի հետ, անդրադարձ չի կատարվել Հայոց լեզու, Հայ գրականություն և պատմություն առարկաների պարտադիր ուսուցման մասին: Ուսանողների ասելով՝ այս երեք առարկաները, որոնք դասավանդվում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, և դրանց ուսուցումը պարտադիր է օրենքով, այս պահին չեն դասավանդվում ամբողջական արդյունավետությամբ: «ՀՀ-ի համար պատրաստվող մասնագետները, անկախ իրենց մասնագիտության բնույթից, պետք է տիրապետեն Հայոց լեզվին, գոնե, բավարար մակարդակով»- ասաց Էդուարդ Գալստյանը:

Ուսանողները նշեցին, որ բազմաթիվ խնդիրներներ կան հանրակրթական որոտում և, եթե հայոց լեզվի և գրականության տիրապետման մակարդակը լիներ այնպիսին, որ 12-րդ դասարանն ավարտած աշակերտը տիրապետեր այս առարկաներին բավարար մակարդակով, ապա բուհերում պարտադիր չէր լինի այս առարկաների ուսուցումը: «Հիմա մենք հանդես ենք եկել պահանջով՝ ԵՊՀ-ի ռեկտորի և գիտության խորհրդի անդամներին կոչ անելով արտահերթ նիստ գումարել, որի ժամանակ կքննարկվեն Հայոց լեզու, Հայ գրականություն և պատմություն առարկաներին վերաբերվող կետերը»- ասաց Էդուարդ Գալստյանը: Նա ավելացրեց, որ այս պահին ժամանակավոր դադարեցվել են ցույցերը՝ ելնելով մի շարք դասախոսների հանդեպ ունեցած հարգանքից, ինչպես նաև դադարեցվել են, որպեսզի երկուշաբթի օրվանից բողոքի գործընթացը ավելի ճիշտ և ռացիոնալ հունի մեջ դրվի:

«Մեր շարժումը ուսանողական է և չի ծառայում որևէ քաղաքական նպատակի: Մենք սկսել ենք այս շարժումը, որին միացել են մտահոգ քաղաքացիները: Մեր շարքերում եղել են տարբեր կուսակցական պատկանելիության մարդիկ և կարող են լինել: Իսկ ինչը վերաբերում է ՀՅԴ-ին, մենք չենք միացել նրանց, կամ նրանք չեն միացել մեզ: Մեզ միավորել է միայն գաղափարը: Մեր շարքերում կարող են լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, եթե նրանք կցանկանան մեզ հետ կիսել Հայոց լեզու, հայ գրականության և պատմություն առարկաների հետ կապված խնդիրները, մենք սիրով և մեծ ուրախությամբ կողջունենք նրանց»-ասաց բողոքի մասնակից ուսանողներից մեկը: