Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 38 շենքի բնակչուհին սպառնում է, որ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետելու:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը, 1-03 ծառայության շտապօգնության խումբը և Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 14 հարկանի է, և ինքնասպանության փորձ կատարող աղջիկը, բարեբախտաբար, բանակցությունների ադյունքում չդիմեց ծայրահեղ այդ քայլին:
Այս պահին բնակարանում նրա հետ աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են 19-ամյա Անի Մելքոնյանից պարզել, թե ինչի՞ համար էր նա փորձում դիմել ծայրահեղ այդ քայլին, ով նստել էր պատուհանին և սպառնում էր ցած նետվել:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ մայրը հավաքարար է, իսկ աղջիկը ինչ-որ կրոնական հայացքների է դավանում: