Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 18։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիները կարողացել են փրկել 20-ամյա մի աղջկա։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևաջրի հետևանքով ջուրն ամբողջությամբ լցվել է Վաղարշյան 18 հասցեում գտնվող «Ժարդին» խանութ-սրահի ներս, և մինչ ահազանգով դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառություն հրշեջ-փրկարարներն ու Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի մեծն չինովնիկները, քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ, իրենց ուժերով կոտրել են խանութի պատուհանափեղկը և դուրս են բերել մինչև կոկորդը ջրի մեջ գնտվող խանութի վաճառողուհուն։ Քաղաքացիների կանչով դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցներ, ովքեր ջրից դուրս բերված աղջկան տեղափոխեցին հիվանդանոց։ Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ում հանձնարարականով, թաղապետարանի կոմունալ բաժնի չինովնիկները ժամանում են նշված վայր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե կարճ ժամանակում նշված խնդիրը չլուծվի, ապա 1-2 անձրևից հետո շենքը կարելի է համարել վթարային, քանի որ այն ամբողջությամբ կխարխլի շենքի հիմքերը։ Նշված շենքը 5 հարկանի է և 6 մուտքանի։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի