Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ' դեկտեմբերի 4-7-ը հայկական պատվիրակություն կմեկնի Ադրբեջան: Հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:

Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Սիմոնյանի, Արման Կարապետյանի և Արտեմ Ազնաուրյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու) գործուղման հետ կապված գիշերավարձի փաստացի ծախսերը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Սիմոնյանի, Արման Կարապետյանի և Արտեմ Ազնաուրյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կհոգա ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարությունը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին' ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ադրբեջանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»: