Իսրայելի նախագահի այցը Թուրքիա կազմակերպելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով այս շաբաթ Թուրքիայից Իսրայել կմեկնի բարձրաստիճան պատվիրակություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ թուրքական պատվիրակության կազմում լինելու են Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը:
Նշվում է, որ այցի ընթացքում երկու պաշտոնյաները կհանդիպեն Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալոն Ուշպիզի, նախագահի գրասենյակի ղեկավար Էյալ Շվիկիի, նախարարության ու նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մինչ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ փոխադարձ քայլեր են ձեռնարկվում, նշվում է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Թուրքիա է այցելելու մարտի 9-10-ը։