Երեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, ֆրանսիական LVMH հոլդինգի ղեկավար Բեռնար Առնոն կորցրել է 4,8 միլիարդ դոլար: Այդ մասին են վկայում Forbes Real Time-ի՝ իրական ժամանակում գործող հաշվիչի տվյալները:
Ներկայում Եվրոպայի ամենահարուստ մարդու կապիտալը գնահատվում է 102,9 միլիարդ դոլար: Նրա ունեցվածքը նվազել է այն բանից հետո, երբ հայտնվել են տեղեկություններ, որ ԱՄՆ-ը կարող է հարկեր սահմանել Ֆրանսիայից ներկրվող ապրանքների վրա՝ ի պատասխան թվային ընկերությունների ծառայությունների հարկի ներդրման:
Ըստ Forbes-ի՝ նույն օրը Euronext բորսայում LVMH-ի բաժնետոմսերը նվազել են, և նվազագույն նշագծով արժեքը գրեթե 2,2 տոկոսով ավելի ցածր է, քան նախորդ առևտրային օրվա վերջում: Բացի այդ, բաժնետոմսերի անկմանը բախվել են նաև ֆրանսիացի այլ արտադրողները: Այսպիսով, « Hermes»-ի արժեթղթերն ընկել են 2,11 տոկոսով, իսկ Kering-ինը՝ 1,7 տոկոսով: