Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 10 օր առաջ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին: Մասնավորապես, բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին եւ 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բերման ենթարկվածներից Ա.Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը եւ Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ:
Վերջիններս, ինչպես նաեւ Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի:
Նրանք տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս: Ոստիկանները եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ կեղտոտ գործում:
Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է: Խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են: Պարզվել է նաեւ, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ մեկը ՝ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երեւանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում:
Կան կասկածներ, որ նրանք հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 6-ին դիմակավորված զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել էին ավազակային հարձակում։
Չարագործները ողջ տունը տակնուվրա էին արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։ Տանտիրուհին պատմել է, որ գնացել էր Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու. «Եկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երեւի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի: Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։