Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և զինված ատրճանակով, ավազակային հարձակման է ենթարկել Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի 3-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 63-ամյա Սոնյա Ղուլղազարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ:

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Ղուլղազարյանը պատմեց. «Գիշերը 4 անց կեսի կողմերն էր: Տանը միայնակ էի: Ոտքերի ձայն լսեցի ու երբ ննջարանից դուրս եկա դեպի խոհանոց, խոհանոցի պատուհանից ներս մտավ դիմակավորված ու ատրճանակով զինված մի հոգի և զենքի սպառնալիքի տակ ինձանից պահանջեց գումար: Նա, տեսնելով ձեռքիս մատանին և պարանոցիս վզնոցն ու կուլոնը, ստիպողաբար վերցրեց, իսկ հետո զենքի սպառնալիքի տակ ննջարանի պահարանի միջից հափշտակեց 700 հազար դրամը ու դիմեց փախուստի»:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործը կամ հանցագործները բակում գտնվող փայտե սանդուղքը բերել և սանդուղքով բարձրացել ու բացել են պատուհանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի (ավազակային հարձակում) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը` այստեղ