Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել, որում նշել է, թե Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքը՝ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել, առաջացրել է աննախընթաց սահմանափակում. արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն: Ըստ կազմակերպության՝ պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, և այս հարցում Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաեւ նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական և վճռական կեցվածք:
Ինչպես տեղեկացրին ԱՍԱԼԱ-ից, հայտարարության մեջ նշված է. «Թուրքիայի իշխանությունները շարունակում են Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելով սեղմել ճնշման օղակը Կոստանդնուպոլսի հայկական փոքր, բայց և ազդեցիկ համայնքի շուրջ:
Պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքին, (որ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել որպես պատրիարք), նոր միջամտությունը առաջացրել է աննախընթաց սահմանափակում՝ արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն:
Այս իրականությունն ի տես ունենալով, այսօր պոլսահայ համայնքի մի ստվար հատված պատրաստվում է բոյկոտել ամսի 12-ի պատրիարքական խեղկատակ «ընտրությունները», իսկ պահպանողական, թուրքական իշխանությունների հետ տարբեր շահերով կապված կամ նրանցից վախեցած մի այլ հատված ընթանում է նրանց գծած ուղիով: