Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի թղթակիցը Ստամբուլից։ Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։
Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։ Այսպիսով, կարելի է ասել 12 տարվա անորոշության շրջանն ավարտված է, և այսուհետ նոր պատրիարքի գլխավորությամբ համայնքը կանցնի կուտակված խնդիրների լուծմանը։ Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունեցել 3 փուլով:
Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։
Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած վերջնական ընտրությունների ժամանակ աշխարհիկ և հոգևորական պատվիրակները Պոլսի 85-րդ Հայոց պատրիարք են ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: