Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը վերջին շրջանում ակտիվորեն քննադատում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործունեությունը։
Դեկտեմբերի 20-ին 168.am-ի Pressing հաղորդման եթերում Շահնազարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմնադրամների» կամ «Սորոսի հիմնադրամի» գործունեությանը և հայտարարել, որ այդ գրասենյակի գործունեությունն ուղղված է Հայաստանի պետականության դեմ:
Նույն հարցազրույցում Շահնազարյանը պնդել է, թե Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ իրենք օգնել և օժանդակել են 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությանը։ «Այսինքն՝ նա ընդունեց, որ ուղղակիորեն խառնվել են մեր ներքաղաքական խնդիրներին»,- ասել է Շահնազարյանը:
Այս պնդումը, սակայն, Շահնազարյանն առաջին անգամ չի անում. դեռևս այս տարվա օգոստոսին «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԱԾ նախկին պետը պնդել էր, թե ԲՀՀ գրասենյակի ղեկավարը հայտարարել է հեղափոխությանն ակտիվորեն աջակցելու և օժանդակելու մասին։
Դավիթ Շահնազարյանի կապը «Բաց հասարակության հիմնադրամների» հետ
Ուշագրավ է, որ թեև ԱԱԾ նախկին տնօրենն ակտիվորեն քննադատում է ԲՀՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, սակայն ինքը ևս հանդիսանում է այդ կազմակերպության շահառու։
Այսպես, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի (Regional Studies Center) կայքի համաձայն՝ Շահնազարյանը հանդիսանում է այս կենտրոնի ավագ վերլուծաբան:
Թեև կազմակերպության կայքում Ռազմավարական գործընկերների և դոնորների բաժինը դատարկ է, սակայն ներկայացված է ֆինանսական հաշվետվություն 2014 թվականի համար: Ըստ դրա՝ 2014 թվականին այս կազմակերպությունը ստացել է 10,372,500 դրամի չափով ֆինանսավորում «Բաց հասարակության հիմնադրամներից»:
Ավելին՝ 2019 թվականի հունիսին «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը» ստորագրել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի գործունեության նկատմամբ ոտնձգությունները դատապարտող հայտարարության տակ։ «Խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների, մտացածին ենթադրությունների և դրանց հիման վրա գնահատականների տարածումն ապարդյուն փորձ է նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, որի աջակցման գործում իր ներդրումն ունի «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը»,- ասված է այդ հայտարարությունում:
Փաստացի, Շահնազարյանը, լինելով մի կազմակերպության անդամ, որը ևս դրամաշնորհ է ստացել «Սորոսի գրասենյակից», ինքն էլ է հանդիսանում «սորոսական»՝ իր ձևակերպմամբ, և գործում պետականության դեմ։
«Բաց հասարակության հիմնադրամները» և Թավշյա հեղափոխությունը
Ինչ վերաբերում է Շահնազարյանի այն պնդմանը, թե «Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավարն ընդունել է, որ իրենք օժանդակել են հեղափոխության իրականացմանը, ապա դա իրականությանը չի համապատասխանում:
«Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավար Լարիսա Մինասյանը բազմիցս հերքել է տարածված լուրերը, թե հիմնադրամը օժանդակել է կամ որևէ կապ է ունեցել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ Դեռևս անցած տարի Մինասյանը հայտարարել էր. «Հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, և ժողովուրդն այնքան միանշանակ տեր էր կանգնել այդ փոփոխություններին, որ ոչ մի բանական մարդ չէր կարող դա չտեսնել։ Եթե որոշ մարդիկ փորձում են տեսնել Սորոսին, գործում են ակնհայտ իրողությունների դեմ։ Հնարավոր չէ հարյուր-հազարավոր մարդկանց ասել, թե իրենք դուրս են եկել, որովհետև Ջորջ Սորոսն է ասել, որ իրենք դուրս գան»։
Փաստորեն՝ Շահնազարյանը Մինասյանին վերագրում է պնդումներ, որոնք վերջինս չի ասել, ավելին՝ ԲՀՀ գրասենյակի ղեկավարը հայտարարել է ճիշտ հակառակը։
Աղբյուրը՝ Fip.am