Ավստրալիայում բռնկված հրդեհի 200 օջախ դեռ մարված չէ: Ավելի քան 1 200 տուն է քանդվել, այրվել են միլիոնավոր հեկտարներ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, 17 մարդ համարվում է անհետ կորած: Բնապահպանները հայտնում են, որ հրդեհների հետևանքով ավելի քան կես միլիարդ կենդանի է մահացել:
Կանբերայի օդը այս պահին համարվում է վատագույնը աշխարհում, իսկ տեղի բնակիչներին հրահանգ է տրվել խուսափել տնից դուրս գալուց:
Նշենք, որ Ավստրալիայի որոշ նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքերով՝ կառավարությունը աննախադեպ քայլերի է դիմում, քանի որ կրակի դեմ պայքարելու այլ միջոցներ չկան: Ավստրալիան պահեստազորի ավելի քան երեք հազար զինվորականների է ներգրավել անտառային հրդեհների դեմ պայքարում: Վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամը կարողացել է Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհաշիջման աշխատանքների համար հավաքել ավելի քան 20 միլիոն դոլար:
Անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի շրջաններում և մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 26 անգամ գերազանցել է «կյանքի համար վտանգավոր» սահմանը: Ավստրալական ավիաընկերություններից մեկը մեկ շաբաթով դադարեցրել է չվերթները այս քաղաքից և հակառակ ուղղությամբ:
Ըստ տեղի իշխանությունների, կրակը արագ տարածվում է ուժեղ քամու և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով: