Էջմիածնի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 դպրոցի 320 աշակերտի դպրոցից դուրս գալու դիմում դրված է սեղանին, սպասում են մակագրման, որպեսզի երեխաներին տեղափոխեն այլ դպրոցներ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանը։
Նա նշեց, որ ծնողները, դեռևս դեկտեմբեր ամսից պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը։ Նրա խոսքով՝ տնօրենի հետ աշխատել չի ցանկանում նաև ուսուցչական անձնակազմը։ Փոխտնօրենի խոսքով՝ Ոսկանյանը այսօր նաև դպրոց չի ներկայացել, նույնիսկ հեռախոսազանգերի չի պատասխանում։
«Ծնողներն այսօր հանդիպում են ունեցել մարզպետարանի, լրագրողների հետ, շարունակեցին պնդել, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել դպրոց, քանի իրենց պահանջը կատարված չի։ Չեն ուզում, որ հերթական փափուկ բարձը դրվի իրենց գլխի տակ։ Ծնողները նշեցին, որ ուսուցչական անձնակազմը կապ չունի ակցիաների հետ և իրենք չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դպրոց»,- նշեց փոխտնօրենը։
Անդրադառնալով Շուշանիկ Ոսկանյանի դեմ քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններին՝ փոխտնօրենը նշեց, որ նորանշանակ տնօրենը չի հերքել դրանք։
Խաչատրյանը նշեց, որ և՛ համայնքը, և՛ ուսուցչական անձնակազմը ևս պահանջում է Ոսկանյանի հրաժարականը․ «Մենք չենք ցանկանում, որ իր անհաջող փորձը տարածվի մեր դպրոցի վրա՝ հաշվի առնելով նրա անհաջող փորձը մի շարք համայնքներում, երբ նշանակվել է տնօրեն և անհաջող ավարտ է ունեցել։ Մենք ունենք համերաշխ կոլեկտիվ, մենք մեծ ընտանիք ենք»,- ասաց փոխտնօրենը։
Ըստ խոսակցությունների՝ բողոքի ակցիաների հետևում ինչ-որ անձինք են կանգնած, որոնց թվում շոշափվում է նախկին տնօրենի անունը։ Փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ իրենց ցանկությունն է տնօրենի պաշտոնին կրկին տեսնել նախկին տնօրենին, թե՞ այլ անձի՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Խնդրում եմ՝ նախկինն ու նորը չխառնել իրար։ Մենք հիմա ունենք մեկ պահանջ՝ Ոսկանյան Շուշանիկի հրաժարականը»,- ասաց փոխտնօրենը։