Հոնկոնգում բժշկական դիմակների արժեքը վերջին մի քանի օրում զգալիորեն աճել է, ընդ որում թույլատրված է մեկ անձին վաճառել երկու տուփ դիմակից ոչ ավելի: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել են ասիական զանգվածային լրատվամիջոցները՝ տեղեկացնում է Interfax-ը։
Որոշ դեղատներում դիմակների գինը եռապատիկ բարձրացել է: Դիմակներ գնել ցանկացողները երկար հերթեր են կազմել: Նախօրեին հաղորդվել է, որ Չինաստանում բժշկական դիմակների արտադրության ֆաբրիկաների աշխատակիցները հարկադրված են շտապ կարգով աշխատանքի դուրս գալ, չնայած տոներին՝ լուսնային տոմարով Ամանորին:
Չինաստանի գործարանների ղեկավարությունն աշխատակիցներին շտապ աշխատանքի է կանչել, որպեսզի գլուխ հանեն դիմակների աճող պահանջարկից՝ երկրում վտանգավոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Տոներից զրկված աշխատողներին խոստացել են քառապատիկ բարձր աշխատավարձեր վճարել։