Դեռ 2019 թվականին մամուլում մի շարք հրապարակումներ եղան, որոնցում նշվում էր, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով թաղապետարան է բերել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած տեղակալից՝ մինչև վարորդ։ 

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում թաղապետարանի աշխատակիցը նշել էր, որ Դանիելյանի բարեկամներից որևէ մեկը տեղակալ չի աշխատում, միայն թաղապետի վարորդն է, որ հանդիսանում է Դանիելյանի կնոջ եղբայրը։

«Նա իր անձնական վարորդն է, նա է ընտրել իր անձնական վարորդին և ընտրել է մի մարդու, որը առավոտյան ժամը 08։00-ից մինչև կեսգիշեր սպասի, մինչև Արամ Դանիելյանն աշխատանքը ավարտի, օտար մարդ այդ աշխատավարձով հաստատ չէր գա աշխատի, նրան պետք էր հավատարիմ ու վստահելի մարդ։ Դա նրա անձնական տիրույթն է, և նույնիսկ անհարմար է, որ այդ հարցը շահարկում են»,- ասել էր թաղապետարանի աշխատակիցը։

 
 
 

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ Դանիելյանի վարորդը՝ կնոջ եղբայրը, հիմա էլ աշխատանքի է անցել Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում։

«Հրապարակի» հետ զրույցում Արամ Դանիելյանը հաստատեց մեր տեղեկությունները, բայց նշեց, որ իր աներձագն այս պահին ժամանակավոր է այդ բաժնում, պետք է մրցույթ տեղի ունենա․ «Մենք նախ նրան չենք տեղափոխել։ Ցանկացած մարդ կարող է գալ, դիմել և մասնակցել մրցույթին։ Մեկ կամ մեկուկես ամսա մեջ պետք է մրցույթ լինի, որից հետո նոր անձը պետք է նշանակվի հաստիքի վրա՝ որպես համայնքային ծառայող։ Ինչպես ինքը, այնպես էլ ցանկացած մեկ այլ կամ տասնյակ մարդիկ կարող են մրցույթին մասնակից լինել։ Ով կհաղթի, նա կնշանակվի տվյալ պաշտոնին, ինքը հիմա ժամանակավոր է նշանակված»,- ասաց թաղապետը։

Մեզ փոխանցեցին, որ Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետ Հովսեփ Հովսեփյանն էլ Արամ Դանիելյանի քեռու որդին է։ Դանիելյանը հերքեց այս տեղեկությունները։ Հարցին, թե կա արդյոք բարեկամական կապ իր և Հովսեփյանի միջև, Դանիելյանը պատասխանեց․ «Առհասարակ, որ ման գանք, համենայն դեպս Հայաստանում, բոլորը իրար ինչ-որ կետից սկսած բարեկամ են, իսկ Ձեր ասած մարդը իմ քեռու տղան չէ։ Բարեկամ, այո, գուցե լինի»,-ասաց Դանիելյանը՝ այդպես էլ չնշելով՝ ինչ բարեկամական կապի մասին է խոսքը։