ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2011-2018 թվականներին տուգանք է կիրառվել 10 հեռուստաընկերության նկատմամբ, ընդհանուր՝ 5 մլն 800 հազար դրամի չափով: Մինչդեռ 2019 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից տուգանվել է 12 հեռուստաընկերություն: Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 6 մլն 200 հազար դրամ: Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին տուգանվեց Հ3 հեռուստաընկերությունը, ընդդիմությունը դա անվանեց արշավ՝ ազատ խոսքի դեմ: Այսօր տուգանված հեռուստաընկերությունների շարքում զգալի թիվ են կազմում ընդդիմադիր ուղղվածություն ունեցող TV-ները, ինչը նախկին ընդդիմադիրների, այսօր արդեն՝ իշխանության տրամաբանությամբ ազատ խոսքի ճնշման փորձ է:
Սերժ Սարգսյանի օրոք մեդիան գտնվում էր վերահսկողության տակ, սակայն չեն եղել իրավիճակներ, երբ կոտրեին խմբագրության դռներ, լուսամուտներ, գույք: Նիկոլ Փաշինյանի ՀԺ-ն որևէ լուրջ խոչընդոտների չի հանդիպել՝ աշխատելով Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին: Այսօր, սակայն, իրավիճակը այլ է. ընդդիմադիր լրատվամիջոցները թիրախավորված են և տուգանքներն ընդամենը թիրախին հարվածելու միջոցներից մեկն են: Որոշ թիվիների մասով քննարկվում է անգամ լիցենզիայից զրկելու հարցը, նման դեպքեր նախկին իշխանությունների օրոք չեն արձանագրվել:
Բավական հստակ է նաև տարբերությունը նաև այն հարցում, թե որքան հաճախ էին նախկին կառավարության անդամները դատական հայցեր ներկայացնում ընդդիմադիր կայքերի, լրագրողների դեմ: Դրանք, իհարկե, եղել են, սակայն ակնհայտ է, որ չեն կրել այնչափ տոտալ բնույթ, ինչպիսին ունեն այսօր: Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամների մեծ մասը դատական պրոցեսների մեջ են և մեծամասամբ այդ դատական հարցերի հեղինակները հենց իրենք են՝ նախարարները, իսկ պատասխանողները՝ ընդդիմադիր ԶԼՄ-ներն են: Սա ևս մեկ փորձ է՝ լռեցնել ազատ խոսքը: Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հեղափոխությունից հետո բարելավել է դիրքերը ընդամենը 19 կետով, ինչը հեղափոխական արդյունք չես անվանի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի սարսափելի պատկերներ էր նախկինում ընդդիմությունը ներկայացնում: Փաստորեն այսօր պատկերը ոչ թե շտկվել է, այլ դարձել է ավելի տանելի, նվազ սարսափելի: Մի հարցում, սակայն, իշխանությունները և անձամբ Փաշինյանը հաջողել է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ակտիվություն ցուցաբերող՝ աշխարհի առաջնորդների լավագույն տասնյակում է։ Սա է ցույց տալիս սոցցանցերում աշխարհի առաջնորդների, կառավարությունների ակտիվությունն ուսումնասիրող Twiplomacy կազմակերպության հրապարակած վերջին զեկույցը՝ «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում-2019» անվամբ։ Փաշինյանը 10-րդ տեղում է մի աղյուսակում, որտեղ համագումարի է բերված ֆեյսբուքյան էջը լայքելու, տեսանյութերը, գրառումները տարածելու, էջում մեկնաբանություններ գրելու տվյալները։ Փաշինյանը բացարձակ թվերով 14.5 միլիոնից ավելի interaction ունի վերջին 1 տարվա ընթացքում։ Սերժ Սարգսյանը, ինչ խոսք, նման ձեռքբերումներվ պարծենալ չէր կարող…