Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժեց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ Դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը: 2019թ դեկտեմբերի 30-ին Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշումը՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Վերաքննիչ դատարանն այսպիսով ամրագրեց, որ կալանավորելու համար հիմքեր չկան։
Նշենք, որ Ռ.Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ դիմել էր նախաքննական մարմնին՝ խնդրելով հայտնել, թե քրեական գործով քանի տուժող կա, ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել, եթե հայտնաբերվել են, ապա նրանք ում կողմից են որդեգրված՝ ՀՀ քաղաքացիների կողմից, թե օտարերկրացիների, հայտնաբերվել են արդյոք ապօրինի որդեգրված երեխաների կենսաբանական ծնողները, քանի ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։
Քննչական կոմիտեն 26.12.2019թ. գրավոր պատասխանում հրաժարվել էր նշված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, թե թույլատրելի համարված տեղեկատվությունն արդեն հրապարակված է քննչական կոմիտեի կայքում։ Սակայն հետագայում հայտարարեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն չի նշանակվել, որեւէ արտաշիրիմում չի կատարվել, որեւէ «ապօրինի» որդեգրված երեխա չի վերադարձվել Հայաստան։