Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։
Քրեական գործի շրջանակում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: