Երկրապահ կամավորականների միությունում խժդժություններ են սկսվել։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ խոսակցություններ են առաջացել այն բանից հետո, երբ նախկինում քաղաքական հարցերը օբյեկտիվորեն գնահատող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ պետք է այսուհետ անվերապահորեն պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա տեսակետը քաղաքական' հարցերի շուրջ։
Ասում են նաև, որ Սասուն Միքայելյանին վարչապետը ոսկու հանք է նվիրել, վերջինս էլ փորձում է այդ ձևով երախտապարտ լինել երկրի ղեկավարին։
Նկատենք, որ Սասուն Միքայելյանի պահանջին դեմ են եղել ԵԿՄ որոշ անդամներ, այդ թվում՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը: Նա, ի դեպ, ԵԿՄ-ն փոխնախագահում էր հենց գաղափարաքարոզչական գծով, այսպիսով հակասությունները ամբողջովին տրամաբանական են:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մանվել Եղիազարյանը նշեց, որ, թեև, վերջնական որոշում չկա, սակայն հնարավոր է դուրս գա փոխնախագահությունից․ «Ես ոչ թե ԵԿՄ-ից եմ դուրս գալիս, այլ փոխնախագահությունից, քանի որ տեսնում եմ՝ ԵԿՄ փոխնախագահ լինելով չեմ կարողանում պիտանի լինել իմ ընկերներին։ Այսօրվա իրականությանը հետաքրքիր չէ այդ կառույցը, ինչ եք կարծում' ես կարո՞ղ եմ փոխնախագահել, ձևի համար մնալն ի՞նչ իմաստ ունի։ Սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ, իսկ վարչության անդամ կշարունակեմ մնալ. տեսնենք իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասաց նա։
Հարցին՝ այս օրերին ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնություննե՞ր են առաջացել, որ նման որոշում է կայացրել, Եղիազարյանը պատասխանեց․ «Իմ հաշվով, բացարձակապես, ոչ։ Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ բոլորի հետ' բառիս բուն իմաստով»։ Դիտարկմանը՝ Սասուն Միքայելյանի հետ և՞ս՝ ի պատասխան ասաց․ «Առավելևս նրա հետ»։
Անդրադառնալով լուրերին, թե Սասուն Միքայելյանը որոշակի հայտարարություններ է արել, որին անհամաձայնություն է հայտնել ինքը՝ Եղիազարյանը, վերջինս հերքեց․ «Անկախ ամեն ինչից, ես օբյեկտիվ եմ լինելու, դրա մասին խոսք չկա, բայց այդպիսի խոսակցություն բացարձակապես չի եղել»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից Սասուն Միքայելյանին նվիրած ոսկու հանքին, ապա Եղիազարյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում։