Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովն էր: Առաջադրված 51 թեկնածուներից, առավել ձայն հավաքած 21-ն ընտրվել են վարչության անդամներ: ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։
«Ակնհայտ է, որ Պապիկյանը ՔՊ-ի լավագույն աշխատող կադրերից է։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է, որ լինելով աշխատող, արդյունավետ պետական պաշտոնյա՝ ինչպես է համատեղելու կուսակցական գործունեությունը։ Դա նշանակում է՝ պարտականություններն ավելանում են և նույնիսկ ամենաարդյունավետ աշխատող մարդը դժվարությամբ կկարողանա 2-ը համատեղել»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելուն, Սեդրակյանը նշեց, որ նրա դուրսբերումը վարչության կազմից՝ ենթադրում է, որ թե՛ Արցախի պայքարի հետ, թե՛ հին ժառանգության հետ կապվող քաղաքացիական պայմանագրի միակ թելը կտրվեց․ «Դա քաղաքական հայտ է և այդ անհատի դուրսբերումը ՔՊ-ից՝ ազդարարում է որոշակի բաների մասին։ Լավ է, թե վատ, չեմ կարող ասել, բայց Սասուն Միքայելյանի ոչ այնքան համաչափ քաղաքական հայտարարություններով պայմանավորված, երբ ասել էր՝ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան շարժումը, որը բացահայտ սխալ հայտարարություն էր, կարող ենք որակել դրական փոփոխություն»,- ասաց նա։
Նշենք, որ Սասուն Միքայելյանն անգամ վարչության անդամ չընտրվեց, ինչը շատերը կապում են մի շարք հանգամանքներով՝ թե՛ Կոտայքի մարզպետի հետ լարված հարաբերություններով, թե՛ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուին չաջակցելով; Պատճառ կարող էր դառնալ նաև այն, որ նա չէր կարող միաժամանակ ղեկավարել ՔՊ-ն և ԵԿՄ-ն։
«Ճիշտ է՝ համագումարին հայտարարություն եղավ, որ քաղաքական գործընթացն այլևս կարևոր չէ 21-րդ դարում, բայց արևը միշտ ծագելու է արևելքում, միշտ մայր է մտնելու արևմուտքում, իսկ քաղաքական գործընթացն էլ ունի պլանաչափ բաղկացուցիչներ։ Այո՛, 88% ստացած քաղաքական ուժը օրենքով չպետք է պարտվեր տեղական ընտրություններում, որովհետև շատ քիչ ժամանակային ընթացք է անցել ջախջախիչ հաղթանակից մինչև ներկայիս պարտությունը, և մեղավորները պետք է պատժվեին, բայց կա նաև 2-րդ հարցը՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի և մարզպետի լարված հարաբերություններն էին պատճառը։ Կան բազմաթիվ իզմեր, որոնք պետք էր քննության առնել՝ արդյո՞ք ՔՊ թեկնածուն տեղական համայնքի համար ընդունված դեմք էր, արդյոք դա տեղական պարտությո՞ւն էր, թե՞ ընդհանուր կուսակցական թիմի թերացումների արձագանքն էր»,- նշեց նա, հավելելով, որ պետք է հաշվի առնել նաև, որ Նիկոլ Փաշինյանի մոգական անունը տեղական ռակուրսում նախկին ուժգնությամբ չի աշխատում։
Քաղաքական վերլուծաբանը չհամաձայնեց վարկածի հետ, թե Սասուն Միքայելյանը չընտրվեց, քանի որ չէր կարող միաժամանակ ղեկավարել ՔՊ-ն և ԵԿՄ-ն․ «Իսկ Պապիկյանը կարողանո՞ւմ է կառավարական պաշտոն ունենալ և կուսակցություն ղեկավարել։ Ես համարում եմ, որ Սասուն Միքայելյանի քաղաքական կեցվածքը որոշակի խնդրահարույց բաներ էր առաջացնում, բայց դա նաև նրանից է, որ կուսակցության մեջ հստակ պետք է լինի քաղաքական գիծ և պատրաստի քաղաքական տեքստեր, որը ևս մտնում է կուսակցության կողմից չսիրված իզմերի մշակույթի մեջ»,- ասաց Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մի քանի ձայնով զիջել էր վարչության անդամ ընտրված՝ 21-րդ տեղը զբաղեցնող Էդուարդ Աղաջանյանին և չէր ընդգրկվել ՔՊ վարչության կազմում: