«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ունեցած մտահոգությունները՝ ՔՊ վարչության կազմ ընտրելու, որոշ անձանց կողմից ներքին խմորումների և Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ հարցին, թե ինչու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի քննարկումները կուսակցության ներսից դուրս եկան: «Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, որը միշտ եղել է հրապարակային, խնդիր չեմ տեսնում, բանավեճ է, կարգավորումներ կլինեն: Կուսակցությունում կքննարկենք»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն մտքին, թե վարչության կազմի ընտրություններին կուսակցության ներսում որոշ անձինք խմբեր էին ձևավորել՝ նա ասաց, որ ներքին խմբեր ինքը չի նկատել՝ հատկապես ընտրությունների ժամանակ: «Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք նրա արտահայտած մտքերն ու մտահոգությունները անպայման կքննարկենք, դեռ չենք քննարկել այդ հարցը»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Միքայելյանն ասել, թե պետք է դասեր քաղեն, Հարությունյանն ասաց, որ կուսակցությունում առհասարակ սիրում են ցանկացած իրավիճակ վերլուծել և դասեր քաղել: «Եվ դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում: Եվ ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում և լուծումներ կան: Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,-նշեց նա։