Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահի ուղերձը․

«Սիրելի՛հայրենակիցներ,

Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. Ավելի քան մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայում իրականացած ոճրագործությունից, սակայն տարիների հեռավորությունը չի լռեցնի ճշմարտության ձայնը:
Մենք դարերի խորքից սերող ազգ ենք, մենք առաջին քրիստոնյաներն ենք, ու ոչ ոքի, եւ ոչ մի դեպքում չի հաջողվի ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը:

1915 թվականը դրոշմվել է մեր պատմության էջերում, բայց երբեք չի կրկնվի:
Այսօր գնալով մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն ազգերին, պետություններին, երկրներին, ովքեր ընդունում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, եւ առհասարակ, ցեղասպանությունները: Այդ քայլով մեր բարեկամ պետությունները նաեւ նպաստում են, որ աշխարհում այլեւս նոր ցեղասպանություններ չիրականանան:

Մենք այսօր ավելի հզոր ենք, ավելի գիտակից, համախմբված, եւ այդ համախմբվածության ու միասնության շնորհիվ թույլ չենք տալու նոր ջարդեր: Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը, մենք երկրապահներս վստահեցնում ենք, որ հավատարիմ ենք մնալու մեր որդեգրած սկզբունքներին:

Դարավերջին՝ 70 եւ ավել տարի անց, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով կազմավորվեցին եւ համախմբվեցին կամավորական ջոկատները, ցույց տալով աշխարհին, որ դարասկզբի այդ արհավիրքն այլեւս չի կրկնվելու: Մենք միահամուռ ուժերով տեր կանգնեցինք մեր երկրին, ծնկի բերեցինք բարբարոս թշնամուն: Եվ այսօր արդեն ունենք հզոր բանակ, ունենք ամուր պետություն, մեր կողքին Արցախ աշխարհ, սփյուռքահայություն եւ, որ ամենակարեւորն է մենք միասնական ենք, համախմբվում ենք հանուն մեր հայրենիքի, մեր պետության»: