ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հրաժեշտ է տալիս պաշտոնին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում թաղապետը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը․ «Խոսակցություններ կան, ես էլ եմ լսել դրանց մասին։ Սակայն հիմա այդ առնչությամբ ոչինչ չեմ կարող ասել։ Փաստական ոչ մի բան դեռ չկա»,- նշեց նա։
Հարցին՝ հեռացրե՞լ են պաշտոնից, Բաբայանը զարմացավ․ «Ո՞վ է ասում՝ ինձ հեռացնում են»։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նքն է հեռանալու որոշում կայացրել՝ Բաբայանն ասաց․ «Չէ, նման որոշում չեմ կայացրել։ Փոքր-ինչ ուշ զանգահարեք՝ կպատասխանեմ»,- նշեց նա։
Այսպիսով, Գևորգ Բաբայանի իրարամերժ պատասխաններից կարելի է ենթադրել, որ նա, իսկապես, հեռանում է թաղապետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը 100-150 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել։ Նա նաև անդրադարձել էր Ֆուչիկի փողոցի վերանորգման աշխատանքներին՝ հարց բարձրացնելով, թե ինչպե՞ս են իրականացվել տենդերները՝ շինարարությունն իրականացնելու համար: «Աջափնյակի թաղապետը լռիվ Սաշիկը ու Յաշիկը խառնելա իրար»,- տեսանյութին կից գրել էր Նիկողոսյանը։ Ավելին՝ այս հարցով վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։
ՄԵզ հետ զրույցում Գևորգ Բաբայանն ասել էր, որ հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել՝ կեղծ հայտարարությունների հիմքով․ «Քաղաքացի Արսեն Նիկողոսյանը գրավոր հաղորդում է տվել ոստիկանություն։ Վերջինիս կողմից անցկացված նախնական հետաքննությամբ պարզվել է, որ Արսեն Նիկողոսյանի տված հայտարարությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Անգամ քրեական գործ չի հարուցվել՝ ցուցմունքի հետ կապված։ Քրգործ հարուցելը կարճվեց, իսկ ինձ համար տարօրինակ մնաց, թե ինչու կեղծ ցուցմունք տալու համար այդ անձը պատասխանատվության չենթարկվեց»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։
Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ հենց այս գործով էլ պայմանավորված է թաղապետը հեռանալը։
Սոնա Հարությունյան