ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն հեռանում է պաշտոնից։ Նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այսօր՝ ժամը 14.00-ին, ժողով է հրավիրել, որի ժամանակ կհայտարարի այդ մասին, ինչպես նաեւ հրաժեշտ կտա գործընկերներին։

 

Փորձեցինք տեղեկությունները ճշտել ԱԱԾ լրատվականից, ինչպես նաեւ վարչապետի խոսնակից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Նշենք, որ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժ/պ էր նշանակվել Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, մարտի 19-ին նա նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։ Իշխանության ներսում դժգոհություններ կային նրա աշխատանքից՝ կապված հայտնի կոռուպցիոներների գործերի, կարեւորագույն մեղադրյալների քննություն իրականացնող մարմնից թաքնվելու հետ։

Օրերս Փաշինյանը եւս հայտնել էր, որ երկրում հակահամաճարակային կանոնները նորմալ չեն պահպանվում, այս մասով խիստ խոսակցություն է ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ։

Թե կոնկրետ որն է Մարտիրոսյանի հեռանալու պատճառը՝ դեռեւս հայտնի չէ։ Մենք փորձում ենք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, ինչը անմիջապես կներկայացնենք մեր ընթերցողներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, «Հրապարակը» գրել էր, որ այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին, նշվում են Տիգրան Ավինյանի, Զարուհի Բաթոյանի, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ինչպես նաեւ Արսեն Թորոսյանի անունները: Ինքը՝ Փաշինյանը, հայտարարել էր, որ առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում։