Այսօր թերևս ամենաքննարկվող թեման խորհրդարանական ընտրություններում, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն) առաջադրված պատգամավոր Արտակ Սարգսյանն ու նրա հետ կապված աղմկահարույց ձայնագրությունն է:

Հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ պատգամավորի թեկնածուին պատկանող «ՍԱՍ» գրուպում, նախընտրական ժողով է հրավիրվել մեկ պահանջով՝ ձայներ հավաքել Արտակ Սարգսյանի օգտին: Ժողովը վարող անձը սպառնալիքներ է հնչեցնում աշխատանքից ազատելու հետ կապված այն դեպքում, երբ մարդիկ չեն կարողանում որոշակի թվով ձայներ ապահովել Սարգսյանի համար, ձայնագրությունում խոստումներ ևս հնչում են, ինչպիսին, օրինակ՝ Փարիզի ուղևորության տոմսն է՝ դե իհարկե՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու դեպքում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի հետ: Վերջինս նշեց, որ այս պահին ԿԸՀ-ում ժողով է հրավիրված, սակայն այդ ժողովում նախատեսված չէ քննարկել այս թեման:

Նշենք, որ ԿԸՀ-ն նախընտրել է ժողովի ընթացքում քննարկել Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Սոնա Հարությունյան