Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը, որն ազատազրկված է, երկրի գործող ղեկավար Շավկատ Միրզիեւին ավելի քան կես միլիարդ դոլար է առաջարկել՝ ազատության դիմաց: Գուլնարա Քարիմովան պատրաստ է միջոցները տրամադրել պետությանը: Նրա բաց ուղերձը հրապարակվել է դստեր՝ Իմանի Instagram-ում:
Քարիմովան գրել է, որ ազատազրկման տարիներին նա ժամանակ է ունեցել «շատ բաների մասին մտածել եւ հասկանալ»: Նրա գործը քննվել է կոպիտ խախտումներով, բայց բողոքներին նա միայն ստացել է շաբլոնային գրություններ: Քարիմովայի ունեցվածքը, որը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար, առգրավվել է, սակայն այն չի համարվել նյութական վնասի հատուցում: Ընտանիքը չի կարողանում ստանալ «յուրաքանչյուր մարդու սրտին հարազատ ընտանեկան մասունքները»:
«Ընտանիքի եւ առողջության պահպանման համար» Քարիմովան պատրաստ է հրաժարվել Շվեյցարիայում սառեցված ընտանեկան միջոցներից եւ պետությանը փոխանցել 686 միլիոն դոլարը՝ գործը փակելու պարզեցված ընթացակարգ ընդունելու համար: Նա պնդում է, որ իրեն շտապ անհրաժեշտ են լուրջ վիրահատություններ եւ ինքը վաղուց պետք է ազատության մեջ լիներ, քանի որ ազատազրկման ժամկետը պարբերաբար վերահաշվարկվել է:
Քարիմովան որոշել է Միրզիեւին հրապարակավ դիմել, քանի որ վստահ է, որ պաշտոնական նամակները նրան չեն հասնում: Նա հույս ունի, որ իր նամակին կվերաբերվի՝ որպես «կարեկից և ազնիվ մարդ», ինչպես նաեւ հաշվի կառնի հոր Իսլամ Քարիմովի հիշատակը, որին նա անվանել է իր դաստիարակ:
2015-ին Քարիմովան դատապարտվել է շորթման և հարկերից խուսափելու համար: 2019 թվականի օգոստոսին նրա դեմ գործեր են հարուցվել պետական միջոցների յուրացման և երկրի շահերի դեմ գործարքների համար: