Հարավային Կորեայի կառավարությունը պատրաստում Է ավելի քան 15 տրիլիոն վոն (13,5 միլիարդ դոլար) ծավալով խթանման միջոցների ծրագիր, որպեսզի մեղմացնի տնտեսության վրա շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսի (MERS) եւ երաշտի ազդեցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Երկրի ֆինանսների նախարարությունն առաջիկա խթանումների մասին հայտարարել Է հունիսի 25-ին եւ միաժամանակ իջեցրել Է 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները՝ 3,8 տոկոսից մինչեւ 3,1 տոկոս: 2014 թվականին Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել Է 3,3 տոկոսով:
Կորեայի բանկն արդեն 2015 թվականի ՀՆԱ-ի աճը գնահատում Է 3,1 տոկոս եւ իր կանխատեսումը կարող Է լրացուցիչ իջեցնել հուլիսին: Հարավային Կորեայում սպառողական վստահության մակարդակը հունիսին իջել Է 2012 թվականի դեկտեմբերից ի վեր մինչեւ նվազագույնը՝ 99 կետ մայիսի 105 կետի դիմաց: 100 կետից ցածր ցուցիչի մեծությունը նշանակում Է, որ հոռետեսների թիվը գերազանցում Է լավատեսների քանակին:
Ինչպես հաղորդվել Է, Հարավային Կորեայում գրանցվել Է MERS կորոնավիրուսից մահաբեր վախճանի եւս երկու նոր դեպք, ինչը երկրում դրա զոհերի ընդհանուր թիվն ավելացրել Է մինչեւ 29: Բացի դրանից, հաստատվել Է MERS-ով վարակման եւս մեկ դեպք:
MERS-ի առկայության կասկածանքով կարանտինում գտնվող մարդկանց թիվը մեկ օրում 3103-ից նվազել Է մինչեւ 2642: Ընդամենը երկրում գրանցվել Է 180 վիրուսակիր, ներառյալ մահացածները:
Երկրում խուճապը չի հանդարտվում. մարդիկ խուսափում են հասարակական վայրերում կուտակումներից, օտարերկրացի զբոսաշրջիկները, հատկապես չինացիները, չեղյալ են հայտարարում պլանավորված ուղեւորությունները Կորեա: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ մայիսի 20-ից, երբ հայտնվեցին Հարավային Կորեայում MERS-ով վարակվածների մասին առաջին հաղորդումները, երկիր ճանապարհորդությունից հրաժարվել Է ավելի քան 120 հազար օտարերկրացի, իսկ հունիսի առաջին երկու շաբաթներին հանրախանութների հասույթը 2014 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությաբ նվազել Է 30 տոկոսով: