Բիլ և Միլենդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 50 մլն դոլար կհատկացնի Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա մահացու վիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
«Վերջին 7-10 օրվա ընթացքում մեզ պարզ դարձավ, որ համաճարակի արագությունն ու մասշտաբներն արագորեն աճում են»,- հայտարարել է հիմնադրամի զարգացման բաժնի նախագահ Քրիս Էլիասը:
Ինչպես նշել են հիմնադրամի ներկայացուցիչները, բոլոր միջոցները կուղարկվեն ՄԱԿ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոն և վիրուսի դեմ պայքարում ներգրավված միջազգային այլ կազմակերպություններ: Այս նվիրատվությունն ամենախոշորը կդառնա հիմնադրամի գոյության պատմության ընթացքում: Միջոցները գլխավորապես կօգտագործվեն բժշկական պատրաստուկներ մշակելու համար:
Ավելի վաղ ԱՀԿ-ն տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Էբոլա մահացու վիրուսի զոհերի թիվը հասել է 2296-ի, ընդամենը տենդով վարակվել է 4293 մարդ: Ընդհանուր առմամբ, ինչպես եզրակացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արևմտյան Աֆրիկայի տարածքում:
Ներկայումս արդեն վարակման դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում:
Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է ճանաչել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: