Եվրամիությունը մինչեւ 1 մլրդ եվրո կավելացնի ֆինանսական օգնությունը Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը:

 

«ԵՄ-ն մինչեւ 1 մլրդ եվրո կավելացնի ֆինանսական օգնությունը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար»,-ասել է նա:

 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հայտարարել Էր Եվրամիության կողմից Էբոլայի դեմ պատվաստանյութի մշակման հետազոտությունների համար 24,4 մլն եվրո հատկացնելու մասին:

 

«Հետազոտությունները նպատակամղված կլինեն համաճարակի զսպմանը եւ բուժանձնակազմի պաշտպանությանը, նախեւառաջ պատվաստանյութի մշակմանը»,-ասել Է նա,

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի բռնկման զոհերի թիվը գերազանցել է 4,8 հազարը, վարակվել է գրեթե տասը հազար մարդ: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրի՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: